«Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը «Աջակցություն շաքարախտով հիվանդներին» ծրագրի շրջանակներում ROCHE կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ հերթական անգամ գլյուկոմետրեր և ստրիպներ տրամադրեց Տավուշի մարզի շաքարախտով հիվանդ 130 սոցիալապես անապահով անհատների:
Ծրագրի թիրախ խմբի հետ աշխատանքներում իրենց մեծ աջակցությունն ու մասնագիտական խորհրդատվությունն են տրամադրել Նոյեմբերյանից «Արևհատ և Անի» բժշկական կենտրոնի տնօրեն Արևհատ Յարալյանը և Դիլիջանի «ԻՐ – ԶԻՆԳ» ՍՊԸ բժշկական կենտրոնի բժիշկ Էնդոկրինոլոգ Նունե Սահակյանը: Բժիշկների կողմից տրամադրվող մասնագիտական խորհրդատվությունը կատարվում է կամավորական հիմունքներով: Ծրագրի թիմը և շահառուների խումբը երախտապարտ են ROCHE կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աշխատակազմին և իրենց մարդասիրական կամավորական մասնակցությունն ապահոված բժիշկներին, որոնք շարունակաբար հոգ են տանում Տավուշի մարզի շաքարախտով հիվանդ բնակչության համար:
Արյան մեջ գլյուկոզայի պարունակության ամենօրյա ստուգումը շաքարախտով հիվանդներին հնարավորություն է տալիս տնային պայմաններում վերահսկել շաքարի պարունակությունը արյան մեջ, հետևել սննդակարգին և խուսափել շաքարախտի անմիջական հետևանք հանդիսացող առողջական այլ խնդիրներից:
