Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համագործակցության արդյունքում օգոստոսի 28-30-ը ավելի քան 30 աշակերտ Նոյեմբերյանից, Բերդավանից և Կողբից մասնակցեցին Նոյեմբերյանում կազմակերպված Ֆինանսական գրագիտության եռօրյա դպրոցին:
Հագեցած օրակարգի շրջանակում մասնակիցները ծանոթացան Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեությանը, ձեռք բերեցին հուզական բանականության և ժամանակի կառավարման հմտություններ, տեսահոլովակների միջոցով տեղեկացան բանկային և ապահովագրական ոլորտների գործունեության մասին, մրցութային խաղերի և տեսահոլովակների ստեղծման միջոցով ամփոփեցին ստացած գիտելիքները:
Հաղթող ճանաչվեց մրցութային խաղերում առավելագույն միավորներ հավաքած «Ուտոպիա» թիմը:
Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնն ստեղծվել է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը: