2024 թվականի հոկտեմբերի 11-ին Նոյեմբերյանում տեղի ունեցավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի Նոյեմբերյանի համայնքային աշակերտական փառատոնը:
Այն կազմակերպվել էր Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնի կողմից՝ Նոյեմբերյանի Ինտելեկտուալ Կրթության Ակումբի («ՆԻԿԱ») հետ համագործակցությամբ: Փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել 19 թիմ:
Փառատոնի նպատակն էր ստեղծել յուրօրինակ հարթակ Նոյեմբերյան խոշորացված համայնքի երիտասարդների համար՝ խթանելու ոչ միայն նրանց ինտելեկտուալ զարգացումը, այլև երիտասարդների միջև երկխոսության ձևավորումը, կապերի ստեղծումը, ամրապնդումն ու երիտասարդների միջև հետագա համագործակցությունը:
Փառատոնի տարբեր անվանակարգերում մրցանակներ շնորհեցին Նոյեմբերյանի համայնքապետարանը, «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը, Առաջնորդության դպրոցը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ակբա բանկի, Արդշինբանկի, ՎՏԲ-Հայաստան բանկի Նոյեմբերյանի մասնաճյուղները, Արարատ բանկի Բագրատաշենի մասնաճյուղը, «Արեգակ» ՈՒՎԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղը, ՀՕՖ-ի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Նոյեմբերյանի մասնաճյուղերը և այս խաղի կարևորությունը գնահատող այլ կազմակերպություններ ու անհատներ:
Փառատոնը կազմակերպել է Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնը: Այն ստեղծվել է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը։