• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Ստորագրվեց Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման դրամաշնորհային պայմանագիրը

Նոյեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ ստորագրվեց «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային պայմանագիրը: Այն ստորագրեցին մի կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մյուս կողմից՝ Սի-Սի-Դի ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախարար Սուրեն Պապիկյանի և նախարարության անունից ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին մեր երկրում իրականացվող թիրախային ծրագրերին ակտիվ մասնակցության համար: Վ. Տերտերյանը կարևորեց հատկապես սահմանային համայնքներում նախատեսվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ համագործակցության այն ձևաչափը, որը դրված է ծրագրերի իրականացման հիմքում, արդյունավետության առաջնային նախապայմաններից է լինելու:

Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն հայտնեց նախարարությանն աջակցության համար՝ ընդգծելով ծրագրերի իրականացման ընթացքում նախարարության հետ համագործակցության կարևորությունը: Դեսպանը պատահական չի համարում համայնքներին ուղղված պայմանագրերի ստորագրումը նախարարությունում անցկացնելու նախաձեռնությունը, քանի որ Հայաստանի ապագան տեսնում է համայնքային և տարածքային զարգացման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման մեջ:

«Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային ծրագրով (68,382 դոլար) կլուծվի Ջուջևան գյուղում 135 տնային տնտեսությունների (600 բնակիչ) խմելու ջրի մատակարարման խնդիրը:

Սի-Սի-Դի ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը՝ ցուցաբերած վստահության և արդյունավետ համագործակցության համար:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.