Սահմանամերձ բնակավայրերում կանանց զբաղվածության խնդիրները լուծելու նպատակով «ՎԻՆՆԵՏ Հայաստան»-ի ներկայացուցիչները հետաքրքրված են ընդլայնել ՀՀ-ում կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և կազմակերպում են կանանց սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացման քննարկումներ ՀՀ տարբեր բնակավայրերում:
Հենց այդ նպատակով սեպտեմբերի 11-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակիցները Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպա»-ի գործընկեր «ՎԻՆՆԵՏ Հայաստանի» ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաք: Նախաձեռնող խմբի ներկայացուցիչները Նոյեմբերյանի տարածաշրջանի շահագրգիռ կանանց ներկայացրեցին ցանցի առավելությունները և նշեցին, որ Հայաստանին ցանցի անդամակցությունը բացառություն է, քանի որ ցանցում անդամակցում են միայն ԵՄ լիիրավ անդամ երկրների ներկայացուցիչներ:
«ՎԻՆՆԵՏ Հայաստան» խումբը իր գործունեության ընթացքում Հայաստանի տարբեր բնակավայրերի սոցիալապես անապահով կանանց համար ստեղծել է մոտ 100 աշխատատեղեր: Սահմանամերձ համայնքներում գործազրկությունը նվազեցնելու և տեղի բնակչության կենսամակարդակը բարելավելու նպատակով «Սի-Սի-Դի» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի աջակցությամբ Նոյեմբերյանում ևս կստեղծվի կանանց ռեսուրս կենտրոն, որը կհանդիսանա «ՎԻՆՆԵՏ Հայաստանի» Նոյեմբերյանի ներկայացուցչություն:
«Սի-Սի-Դի» թիմը խրախուսում է տարածաշրջանի տնտեսական զարգացմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն և պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ունեն հետաքրքրվածություն կատարելու ներդրումներ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում:




