Փետրվարի 15-ին կայացավ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների հանդիպում-քննարկումը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանի և ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանի, Շիրակ Թորոսյանի և Սարգիս Ալեքսանյանի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Նոյեմբերյանի տարածաշրջանում առկա հիմնախնդիրները, որոնք պահանջում են օրենսդրական բարեփոխումներ։ Միջացառմանը մասնակցում էին համայնքների ղեկավարներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Ներկաներն անդրադարձան համայնքային կառավարման, կրթության, առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցերի, դիտարկեցին տարածաշրջանում բիզնեսի զարգացման և ներդրումների ներգրավման նոր գաղափարներ:
Հետաքրքրությունն առավել մեծ էր երիտասարդների բարձրացրած խնդիրների հանդեպ: 12-ամյա Էդգարը երազում է նոր և ժամանակակից չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտ ունենալ Նոյեմբերյանում ու երազանքը կատարվելու դեպքում իր և ընկերների փոխարեն խոստանում է համակարգչով ֆուտբոլ խաղալու փոխարեն մարզվել ու խաղալ դաշտում, խնամքով պահպանել այն:
Նոյեմբերյանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Լևոնն էլ ներկայացրեց իր հասակակիցների խնդրանքը Նոյեմբերյանում ժամանցային-ուսումնական կենտրոն ունենալու վերաբերյալ: Կենտրոնում ֆիլմեր դիտելուց, քննարկումներ անցկացնելուց, ինտելեկտուալ և մարզական խաղեր կազմակերպելուց զատ՝ երիտասարդներն ուզում են այլ մարզերի իրենց հասակակիցների պես իրենք էլ ՄԱԿ-ի անկյուն ունենալ, տեղեկանալ ՄԱԿ-ի կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերին, մասնակցել երեխաների իրավունքների պաշտպանության և այլ խնդիրների վերհանման ու լուծման գործընթացին:
Հանդիպմանը ներկա պատգամավորները խոստացան անպատասխան չթողնել երեխաների խնդրանքը:
Աշխատանքային հանդիպումը կազմակերպել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը, ՔՊ անդամ Հայկանուշ Բեգլարյանը և լրագրող Սուսաննա Մարտիրոսյանը:
Լուսանկարները տրամադրել է ՀՀ Տավուշի մարզպետարանը