• +374-55-78-32-83
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM
  • CCD.AM

Տավուշի պատվիրակությունը Լիբանանում

Մայիսի 6-10-ը աշխատանքային այցով Լիբանանում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «Համայնքային զարգացման կենտրոն» տարածաշրջանային համագործակցության ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը:

Այցը կազմակերպվել էր «Գարդենիա Գրեյն Դ՛օր» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի նախաձեռնությամբ և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի օժանդակությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ գյուղատնտեսության, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում ներգրավված տնտեսությունների գործունեության առանձնահատկություններին և գտնել հայաստանյան ընկերությունների հետ ոլորտային համագործակցության հնարավոր ուղիներ:

Այցը մեկնարկեց Լիբանանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումով: Տարածքային զարգացման և բնական ռեսուրսների կառավարման հարցերով փոխնախարար Չադի Մոհաննան ներկայացրեց Լիբանանում, մասնավորապես՝ Բեկաա նահանգում, անասնապահությանը, այգեգործությանը և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պետական ռազմավարության և անհատ տնտեսությունների կողմից իրականացվող գործունեության մանրամասները: Տավուշի մարզպետը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում Տավուշի մարզի հեռանկարային ճյուղերը, նոր և արդյունավետ տեխնլոգիաների կիրառման անհրաժեշտությունը: Տավուշի մարզպետը նաև ողջունեց լիբանանյան ընկերությունների հետաքրքրությունը մարզի նկատմամբ և պատրաստակամություն հայտնեց նախարարության հետ համատեղ գործունեություն վարելու՝ ի նպաստ գյուղատնտեսական ապրանքների արտադրության և վերամշակման ոլորտում փոխադարձ ներդրումների իրականացման:

Պատվիրակության հաջորդ հանդիպումը Լիբանանի արդյունաբերության նախարարությունում էր: Արդյունաբերության գծով փոխնախարար Դանի Գեդեոնը, հաշվի առնելով ոլորտի ներկայացուցիչների փոխադարձ հետաքրքրությունը փորձի փոխանակման և համագործակցության հարցում, կարևորեց առցանց հարթակ ստեղծելու անհրաժեշտությունը, որտեղ կարող են գրանցվել հայ և լիբանանցի արդյունաբերողներ և ոլորտային նախարարությունների ներկայացուցիչներ և քննարկումներ անցկացնել, կիսվել արդնունավետ փորձով: Նա հավելեց նաև, որ Լիբանանի արդյունաբերողների ասոցիացիան պատրաստ է մասնակցել փորձի փոխանակման նմանատիպ հանդիպում-քննարկումների: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց մարզի արդյունաբերության ներկա և հեռանկարային հիմնական ճյուղերը, նշելով, որ մարզը այս պահի դրությամբ օգտագործում է առկա ռեսուրսների մոտ 20 % և ոլորտի զարգացումը համապատասխան ներդրումներ ներգրավելու դեպքում հեղափոխական առաջընթաց կունենա: Նա նշեց նաև ցուցահանդես- վաճառքների կազմակերպման անհաժեշտության և արդյունավետության մասին:

Պատվիրակության մյուս հանդիպումը Լիբանանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում էր: Հանդիպման ընթացքում Տավուշի մարզպետը ներկայացրեց մարզի աշխարհագրական դիրքի հետ կապված առևտրային և տնտեսական առավելությունները, նշեց սահմանամերձ համայնքներում արդյունաբերողներին շնորհված հարկային արտոնությունների մասին: Լիբանանի առևտրի և տնտեսական զարգացման փոխնախարար Ալիա Աբբասը նշեց լիբանանյան գործարարների կողմից Հայաստանում ներկայացված լինելու կամ հայկական ապրանքներ ներկրելու հարցում աճող հետաքրքրությունը, որի հետ կապված նշեց, որ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել Հայաստան–Լիբանան ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Նա առաջարկեց հարցը քննարկել կառավարությունների մակարդակով և ՀՀ կառավարությանը գրավոր առաջարկ ներկայացնելու պատրաստակամություն հայտնեց:

Տավուշից Լիբանան մեկնած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Լիբանանի տուրիզմի նախարար հայ Ավետիս Գիտանյանի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Լիբանանում զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները և համագործակցության ուղիներ նախանշել Լիբանանյան զբոսաշրջային ընկերությունների և ՀՀ Տավուշի մարզի նմանատիպ ծառայություններ մատուցող կառույցների միջև: Նախարարը ներկայացրեց, որ վերջին երեք տարիների ընթացքում կրկնակի ավելացել է Լիբանանից Հայաստան մեկնողների թիվը, ընդ որում հատկանշական է, որ այցելուների մեջ մեծ թիվ են կազմում ազգությամբ ոչ հայ ճանապարհորդները: Նախարարը միևնույն ժամանակ նշեց, որ Լիբանանից Վրաստան կազմակերպվող այցերի քանակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստան կատարվող այցերի թվին, և առաջարկեց Վրաստան կատարվող այցերի փաթեթներում ավելացնել 1-2 օր ուղևորություն դեպքի Տավուշ՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ մարզը մոտ է Վրաստանին: Առաջարկությունը հավանության արժանացավ և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մշակել համատեղ այցելության փաթեթներ և առաջարկել լիբանանցի զբոսաշրջիկներին: Նախարարը նաև պատրաստակամություն հայտնեց մասնակցել հունիսի 22-23-ը Դիլիջանում կայանալիք «Իմ քայլը հանուն Տավուշի» խորագրով համաժողովին:

Պատվիրակության անդամներն այցելեցին նաև մի շարք խոշոր գործարաններ, այդ թվում հանքային ջրերի արտադրությամբ զբաղվող «Բերդաունի», բնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Ջունեթ», պլաստիկ ապրանքների արտադրությամբ զբաղվող «Սոմոպլաստ» ընկերություններ: Եղան հայաբնակ Անջար համայնքում, Լիբանանում գործող հայկական մշակութային օջախներում և կրթական հաստատություններում:


© 2020 Community Center for Development NGO. All Rights Reserved.