ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում շուտով կհիմնադրվի «Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիա» շահույթ չհետապնդող բիզնես ինկուբատորը, որը կխթանի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը և վերամշակումը:
Ասոցիացիայի գործունեությունը կանոնակարգելու և առաջիկա 3 տարիների ռազմավարությունը սահմանելու նպատակով Սի-Սի-Դի գրասենյակում կայացավ քննարկում «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության փորձագետների, Տավուշի մարզի խոշոր ֆերմերային տնտեսությունների և ծրագրի աշխատակազմի հետ:
Շահագրգիռ կողմերի մտքերի փոխանակման արդյունքում պարզ դարձավ ասոցիացիայի գործունեության ցանկալի պատկերը և կազմվեց այն գործողությունների պլանը, որը հնարավորություն կտա ասոցիացիայի գործունեությունը դարձնել արդյունավետ, շահավետ և շարունակական: Այն կհանդիսանա կապող օղակ առաջնային արտադրողի և սպառման շուկայի միջև: Խորհրդատվական ընկերության փորձագետները, հիմք ընդունելով առաջարկված բոլոր գաղափարները և խորհուրդները, մոտակա ժամանակահատվածում կմշակեն բիզնես ինկուբատորի ռազմավարական պլանի նախնական տարբերակը:




