Լիբանանյան «Գարդենիա լեբնիզ ֆարմս» ՍՊԸ-ն 2014թ.-ից ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում: Ընկերության հիմնադիրը լիբանանցի գործարար և «Gardenia Grain D’or» լիբանանյան ընկերության սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆայսալն է: Վերջինս առանձնահատուկ ջերմ ու հոգատար վերաբերմունք ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Նրա ղեկավարած ընկերության աշխատակիցների շարքում մեծ թիվ են կազմում Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները:
Մեծ է նաև պարոն Ֆայսալի աջակցությունը Լիբանանի հայկական համայնքների բնակչությանն ազգային շահերի պաշտպանության հարցում:
Հայաստանում հիմնադրման առաջին օրից ընկերությունը ներդրումային ծրագրեր է իրականացնում ՀՀ տարբեր մարզերում: Վերջերս «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում ընկերությունը մեկնարկել է ևս մեկ ներդրումային ծրագիր Տավուշի մարզում: Ծրագրի նպատակը Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում 200 հա տարածքով ինտենսիվ այգու հիմնումն է:
Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված և աշխարհի ավելի քան 40 երկրներում իր արտադրանքը ներկայացնող “Gardenia Grain D’or” ընկերության գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով ընկերությունը կազմակերպել և հովանավորել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ–ի աշխատանքային այցը Լիբանանի Զահլե համայնք, որտեղ տեղակայված է ընկերության գլխավոր գրասենյակն ու հիմնական արտադրամասերից մեկը: Աշխատանքային այցի շրջանակներում պարոն Ֆայսալը կազմակերպեց բազմաթիվ հանդիպումներ լիբանանյան գործարարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Տավուշի մարզի մրցակցային առավելությունների և ներդրումային պոտենցիալի վերաբերյալ հարցեր: Պարոն Ֆայսալն այն գործարարներից է, ով ՀՀ–ում ներդրումային ծրագրեր իրականացնելու իր արդյունավետ փորձը շռայլորեն կիսում է արտերկրի այլ գործարարների հետ՝ առաջարկելով իր աջակցությունը ՀՀ տարբեր մարզերում, մասնավորապես Տավուշի մարզում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:
«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի աշխատանքային թիմը երախտապարտ է պարոն Ֆայսալին մեր երկրի և մեր հայրենակիցների նկատմամբ նրա ունեցած մեծ վստահության, ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար:


