Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնի և Առաջնորդության դպրոցի համագործակցությամբ ապրիլի 27-ին Նոյեմբերյանի ավագ դպրոցում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած հանդիպումը Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Նոյեմբերյան, Կողբ, Ոսկեպար, Կոթի և Արճիս համայնքների մոտ 60 աշակերտներ: Առաջնորդության դպորցի ուսանողների թվում էին բժիշկներ, դեղագործներ, ծրագրավորողներ, գործարարներ, որոնք կիսվեցին իրենց փորձով, ներկայացրին իրենց անցած ուղին, ձախողումներն ու ձեռքբերումները, անդրադարձան նաև աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություններին, զրուցեցին այլընտրանքային կրթության առանձնահատկությունների և առավելությունների մասին:
Հանդիպմանն է՛լ ավելի ջերմ ու անմիջական ընթացք հաղորդեցին մասնակից աշակերտների երաժշտական կատարումներն ու ասմունքը:
Հանդիպման ավարտին մասնակիցները կիսվեցին տպավորություններով և հույս հայտնեցին, որ հանդիպումները շարունակական կլինեն:
Համայնքային կարողությունների զարգացման գործնական կենտրոնն ստեղծվել է «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում՝ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը։