2024թ. ապրիլի 16-24-ը «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի թիմն աշխատանքային այցով մեկնել էր Լոս Անջելեսի հայաբնակ շրջաններ: Թիմին միացել էին նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավարը և Նոյեմբերյանում գործունեություն ծավալող մի շարք գործարարներ։
Այցը նպատակ ուներ երկարաժամկետ համագործակցություն հաստատել Գլենդելի և Նոյեմբերյանի միջև՝ խթանելով գործընկերային հարաբերությունները և ներգրավելով ներդրումներ՝ նպաստելու Նոյեմբերյան խոշորացված համայնքի զարգացմանը։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի, Գլենդելի քաղաքապետարանի կառավարման խորհրդի, ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի առաջնորդի, Գլենդելի Իրանահայ Միության անդամների, ինչպես նաև մի շարք գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են Նոյեմբերյան համայնքի ներդրումային ռեսուրսներն ու հեռանկարները, քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղիներ, ձեռք են բերվել հետագա համագործակցության մի շարք համաձայնություններ:
Այցը կազմակերպվել էր «Սմարթ Նոյեմբերյան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: