Տավուշ-Լիբանան գործարար և մշակութային կամուրջ

Մայիսի 6-10-ը աշխատանքային այցով Լիբանանում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «Համայնքային զարգացման կենտրոն» տարածաշրջանային համագործակցության ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը: Այցը կազմակերպվել էր «Գարդենիա Գրեյն Դ՛օր» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի նախաձեռնությամբ և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի օժանդակությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ գյուղատնտեսության, արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում ներգրավված տնտեսությունների գործունեության առանձնահատկություններին և գտնել հայաստանյան ընկերությունների հետ ոլորտային համագործակցության հնարավոր ուղիներ:

Այցը մեկնարկեց Լիբանանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումով: Այնուհետև հանդիպումներ տեղի ունեցան նաև Լիբանանի արդյունաբերության, առևտրի և տնտեսական զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության նախարարություններում: Քննարկվեցին նշված ոլորտներում համագործակցության հնարավոր տարբերակներ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 22-23-ը Դիլիջանում կայանալիք «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին լիբանանյան պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան նաև Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, Լիբանանի Բեկաա մարզի մարզպետի և մարզում գործունեություն ծավալող գործարարների հետ, հյուրընկալվեցին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում, «Թռչնոց բույն» մանկատանը, եղան նաև հայկական մշակութային կենտրոններում և կրթօջախներում: