Տավուշի մարզի Բերդ համայնքում կյանքի կկոչվի 13 նոր բիզնես գաղափար

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում Բերդ համայնքում կազմակերպված «Սկսնակ բիզնես դասընթաց»-ի մասնակիցներից 13-ը ֆինանսական աջակցություն կստանան ծրագրի պաշտոնական գործընկեր հանդիսացող Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) (https://web.facebook.com/farusa/) կողմից: Երիտասարդ սկսնակ գործարարների ներկայացրած գաղափարներից ՀՕՖ-ի հանձնաժողովի հավանությանն են արժանացել զարդերի պատրաստման, սառնարանային տնտեսության, ջերմոցային տնտեսության, շինշիլաբուծության, հյուրատնային բիզնեսի, գինու արտադրության, մեղվաբուծության, կահույքի արտադրության ոլորտներին առնչվող բիզնես գաղափարները, որոնց իրականացման արդյունքում կստեղծվի մոտ 30 նոր աշխատատեղ: 

Ծրագրի թիմը շնորհակալություն է հայտնում ՀՕՖ-ին՝ արդյունավետ համագործակցության և ծրագրի շահառուներին տրամադրած ֆինանսական աջակցության համար:

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից: