Շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն Նոյեմբերյան քաղաքում

2012թ. հունիսի 27-ին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի նախաձեռնությամբ Նոյեմբերյանի «Արևհատ և Անի» ընտանեկան բժշկության պրակտիկայի կենտրոնում բացվեց շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն:

Կենտրոնն արդեն ունի 37 անդամ, որոնք ամսական 1 անգամ՝ յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթ օրը, մասնակցում են հանդիպում-քննարկումների, պատմում են իրենց փորձառության, հաջողությունների մասին, լսում են հրավիրված մասնագետ-բժիշկների դասախոսությունները հատուկ սննդակարգի և ակտիվ կենսակերպի պահպանման վերաբերյալ, կատարում են  ֆիզիկական վարժություններ, փոխանակվում են վերջին նորություններով, առողջարար կերակրատեսակների պատրաստման բաղադրատոմսերով…

Կենտրոնի ծառայությունները անվճար են, անդամակցությունը՝ ազատ: Կազմակերպչական աշխատանքները կատարվում են կամավորության սկզբունքով:

Կենտրոնն իր գործունեությամբ դեռևս եզակի է Հայաստանում: Հանրապետության տարբեր բնակավայրերից շատ անհատներ և կազմակերպություններ հետաքրքրվում են նախաձեռնությամբ և ցանկանում են կիրառել այս փորձը իրենց բնակավայրերում:

Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի շաքարախտով հիվանդ 500 մարդու տրամադրվել են գլյուկոմետրեր և ստրիպներ:

Ծրագիրը շարունակական է: Այն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Ստյուարտ Բրուստերի և ROCHE կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ հունիս, 2012թ. – մինչ օրս

Ծրագրի բյուջե՝ $ 12 700