«ՀԿ ԴեՊո» հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն, Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Գորիսի մամուլի ակումբը և Մարտունու կանանց համայնքային խորհուրդը կազմել են կոնսորցիում, որպեսզի միասին իրականացնեն հասարակական կազմակերպությունների զարգացման «ՀԿ ԴեՊո» հնգամյա ծրագիրը (2014–2019): Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն կատարել է Տավուշի մարզի հասարակական կազմակերպությունների և համայնքային ենթակայության 74 կազմակերպությունների կարիքների ուսումնասիրություն (ՀԿ-ներ, համայնքապետարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, ֆերմերային կոոպերատիվներ): Հաշվի առնելով բացահայտված կարիքները՝ ծրագրի թիրախ խմբերի համար կազմակերպվել են մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ: Գործընկեր ՀԿ-ներին աջակցություն է ցուցաբերվել դրամաշնորհային հայտեր կազմելու և դոնոր կազմակերպություններին ներկայացնելու գործում: Անցկացվել են փորձի փոխանակման միջոցառումներ՝ ուղղված ՀԿ-ների կողմից սոցիալական ձեռնարկությունների ստեղծման կարողությունների զարգացմանը: «ՀԿ ԴեՊո» ծրագրով Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում արդեն նախագծվել են նաև մոտ 40 կմ ջրագծերի անցկացման և 4-5 խաղահրապարակների կառուցման աշխատանքներ:

Ծրագրի իրականացման ժամկետ՝ 2014թ. հունիս – 2019թ. հունիս

Ծրագրի բյուջե՝ $ 79 863