Եվրոպական միությունը նպաստում է Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքը եվրոպական շուկայում ճանաչելի դարձնելու գործընթացին

Հոկտեմբերի 1-2-ը Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիայի թիմը մասնակցում է Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում կայանալիք “Tradeshow Food Specialities” սննդամթերքի ամենամյա ցուցահանդես-վաճառքին, որը հյուրընկալում է ավելի քան հիսուն հազար այցելուների տարբեր երկրներից: Եվրոպայում արդեն ճանաչում վայելող 2-օրյա ցուցահանդեսին տավուշցի արտադրողները կներկայանան տեղական արտադրության մսամթերքի, չրերի, մեղրի, բուսական ու հատապտղային թեյերի, գինիների, պահածոների տեսականիով:

Տավուշի ագրոբիզնեսի ասոցիացիան ստեղծվել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ի կողմից: