Եվրոպական միությունը նպաստում է դեպի Տավուշի մարզ նոր ներդրումների ներգրավման գործընթացին

Հունիսի 22-23-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անց է կացվել «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը ՀՀ վարչապետի հովանու ներքո։

Համաժողովը հնարավորություն ընձեռեց տեղի և օտարերկրյա ներդրողներին ծանոթանալու մարզի հեռանկարային և գերակա ոլորտների ներուժին, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքներին, ներդրումներ ներգրավելու, նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացված էին Տավուշի մարզում արտադրվող գյուղատնտեսական, տեքստիլ  և արդյունաբերական ապրանքների  ցուցահանդեսային նմուշներ:

Համաժողովին բացման ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկացացուցիչ Դմիտրի Մարիյասինը, «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային  համագործակցության ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ազիբեկյանը։

Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և հյուպատոսներ, հայ և օտարազգի գործարարներ, ներդրողներ և այլք:

  Համաժողովը կազմակերպել էին «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային  համագործակցության ՀԿ-ն ու ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Եվրոպական միության և ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում: Համաժողովի գործընկեր են հանդիսանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը  և Ամերիաբանկ-ը: