Գործարար համագործակցություն

Լիբանանյան «Գարդենիա լեբնիզ ֆարմս» ՍՊԸ-ն 2014թ.-ից ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում: Ընկերության հիմնադիրը լիբանանցի գործարար և «Gardenia Grain D’or» լիբանանյան ընկերության սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆայսալն է: Վերջինս առանձնահատուկ ջերմ ու հոգատար վերաբերմունք ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Նրա ղեկավարած ընկերության աշխատակիցների շարքում մեծ թիվ են կազմում Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները: Մեծ է նաև պարոն Ֆայսալի աջակցությունը Լիբանանի հայկական համայնքների բնակչությանն ազգային շահերի պաշտպանության հարցում:

Հայաստանում հիմնադրման առաջին օրից ընկերությունը ներդրումային ծրագրեր է իրականացնում ՀՀ տարբեր մարզերում: Վերջերս «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում ընկերությունը մեկնարկել է ևս մեկ ներդրումային ծրագիր Տավուշի մարզում: Ծրագրի նպատակը Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում 200 հա տարածքով ինտենսիվ այգու հիմնումն է:

Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված և աշխարհի ավելի քան 40 երկրներում իր արտադրանքը ներկայացնող “Gardenia Grain D’or” ընկերության գործունեությանն առավել   մանրամասն ծանոթանալու նպատակով  ընկերությունը կազմակերպել  և հովանավորել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ–ի աշխատանքային այցը Լիբանանի Զահլե համայնք, որտեղ տեղակայված է ընկերության գլխավոր գրասենյակն ու հիմնական արտադրամասերից մեկը: Աշխատանքային այցի շրջանակներում  պարոն Ֆայսալը կազմակերպեց բազմաթիվ  հանդիպումներ լիբանանյան գործարարների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին Տավուշի մարզի մրցակցային առավելությունների և  ներդրումային պոտենցիալի  վերաբերյալ հարցեր:  Պարոն Ֆայսալն այն գործարարներից է, ով ՀՀ–ում ներդրումային ծրագրեր իրականացնելու իր արդյունավետ փորձը շռայլորեն կիսում է արտերկրի այլ գործարարների հետ՝ առաջարկելով իր աջակցությունը ՀՀ տարբեր մարզերում, մասնավորապես Տավուշի մարզում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:

«Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի աշխատանքային թիմը երախտապարտ է պարոն Ֆայսալին մեր երկրի և մեր հայրենակիցների նկատմամբ նրա ունեցած մեծ վստահության, ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար: