Աշխատանքի տոնավաճառ և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք քաղաք Իջևանում

«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմը հրավիրում է բոլորին` մասնակցելու օգոստոսի 18-ին Իջևանի «Քանդակների այգում» կայանալիք Աշխատանքի տոնավաճառին (բացումը՝ 11:00-ին, փակումը՝ 16:00-ին): 

Միջոցառումը ուղեկցվելու է գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքով: Տոնավաճառի մասնակից 50 գործատուներ ներկայացված կլինեն թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններով և սեփական արտադրության ապրանքատեսականիով, այդ թվում՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, հյութեր և այլ խմիչքներ, ձեռագործ աշխատանքներ և այլն: 

Այս նախաձեռնությունը նպատակ ունի անմիջական կապ հաստատել Տավուշի մարզի գործատուների և մասնագիտական կրթություն ունեցող գործազուրկների միջև, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա սպառողներին ներկայացնել տեղական արտադրության գյուղմթերք և այլ արտադրանք: 

Տոնավաճառը և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվում է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ Կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ կողմից: